ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի առաքելությունն էր ժողովրդին մայրենի լեզվով լուսավորելը, հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելը, ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելը։

Հենց այս գաղափարներով է առաջնորդվում և գործում նաև Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցուն կից Լազարյանների անվան հայեցի դաստիարակության կենտրոնը, որի սաները մայիս 25-ին կազմակերպել էին ուսումնական տարին ամփոփող միջոցառում' «Հրաժեշտ այբբենարանին» խորագրով:

14356rfgd

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով: Հաջորդիվ մաշտոցյան այբուբենը սերտած երեխաները իրենց ելույթներով ցույց տվեցին՝ ինչպես են յուրացրել մայրենին, ասմունքեցին, երգեցին, ներկայացրեցին փոքրիկ բեմադրություն և ավարտեցին միջոցառումը դհոլի երաժշտական համարով:

Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Ռուզաննա Կուրղինյանը շնորհակալություն հայտնեց գեղեցիկ միջոցառման համար և իր գոհունակությունը հայտնեց երեխաներին, դպրոցի անձնակազմին և ծնողներին արդյունավետ ու նվիրված աշխատանքի համար: Այնուհետև աշակերտները ստացան գովասանագրեր, իսկ իրենց ակտիվ գործունեությամբ աչքի ընկած ծնողները պարգևատրվեցին շնորհակալագրերով:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Արամայիս սարկավագը. «Մենք երեք «մայր սրբություններ» ունենք. Մայր Եկեղեցին, Մայրենի լեզուն և Մայր հայրենիքը: Պետք է ամուր պահել այդ երեք «մայրերին», մնալ հայ' անկախ գտնվելու վայրից»: