«Միթե դո՞ւք էլ ուզում եք գնալ (Հիսուս)»:
Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. «Տե՛ր, ո՞ւմ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես: Եվ մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ Աստծու Որդին » (Հովհ.6.67-70):
Տաս տարիներ սարկավագական ծառայությունից հետո, Սանկտ Պետերբուրգից բազմանդամ ընտանիքով,
(հինգ երեխա այն ժամանակ, հիմա արդեն իննը), ուսումս ավարտելուց հետո վերադարձա Հայրենիք: Վեհափառի կարգադրությամբ ծառայության կոչվելով Արագածոտնի թեմում՝ սկզբում որպես Հովհաննավանքի հովվության հոգևոր տեսուչ, իսկ քահանա օծվելուց հետո, 2010 թվականի հուլիս ամսից, որպես հոգևոր հովիվ:
Խոստովանեմ, երբևէ չէի եղել այնտեղ, ու երբ Թեմի առաջնորդը (Մկրտիչ սրբազան) ինձ ուղեկցեց ծանոթացնելու հովվության եկեղեցիներին, քիչ էր մնում շունչս կանգներ, երբ մտանք Սուրբ Հովհաննավանք: Նրա վեհությունն ու սրբությունը, և եղկելի անձիս այստեղ ծառայելու անարժանության զգացումը մինչ օրս մոռանալ չեմ կարող... Անշուշտ, կարելի էր այլ գործող եկեղեցի նշանակվել, սակայն առաջնորդի կողմից խնդիր էր դրված Հովհաննավանքը վերաբացել: Կար միայն տաճարի կենտրոնական դուռը, ո՛չ լուսամուտ, ո՛չ սուրբ Սեղան... Միայն այստեղ, բարձր գմբեթի տակ, հատակին աղավնիների օղակաձև ծեռտի հետքն էր, ու թռչուններն էին միայն աղոթում Աստծուն, և հազվադեպ հավատավոր այցելու հայորդիները: Չեմ ուզում անհամեստ երևալ, Պողոս առաքյալի պես կարող եմ ասել՝ քավ լիցի ինձ պարծենալ, բայց միայն իմ տկարություններով, որովհետև երբ տկար եմ, այն ժամանակ է հայտնվում Քրիստոսի զորությունը (2 Կորնթ. 12.9): Սակայն, հենց Տիրոջ ողորմությամբ, լծվեցի Սուրբ Հովհաննավանքիս բարենորոգությանը: Առաջին գործս լուսամուտներ տեղադրելն էր, իմ խնայած միջոցներով, հետո Աստված բերեց ու բերեց... Սուրբ Հովհաննես Կարապետի բարեխոսությամբ, ազգիս հավատավոր նվիրատուները սկսեցին բարեզարդել երազանքիս վանքը:
1. Գյուղապետի մասնակցությամբ մաքրեցինք վանքի տարածքը շինարարական աղբից, որովհետև սովետի փլուզումից հետո, գործերը դադարել, աղբը թողել, հեռացել էին:
2. Հին, ժանգոտած վերամբարձ կռունկը կանգնած էր վանքի պատի տակ, ամեն վարկյան քամուց ընկնելու վտանգով: Սրբազան հոր օժանդակությամբ այն հեռացվեց տարածքից:
3. Նորոգվեցին երկու էլեկտրասյուն և եռաֆազ հոսանքը անցկացվեց եկեղեցի: Վարձը վճարում էր գյուղապետարանը, գյուղացին ասում էր - «չէ՞ որ, գյուղապետարանի վճարներն իրենք են տալիս, վանքն էլ է՛ իրենցը»:
4. Չորրորդ դարի եկեղեցում ներսից երևում էր երկինքն ու արևը, հողածածկ կտուրը քայքայվել էր, թիթեղյա ծածկույթով փրկվեց փլուզումից:
5. Գավիթի մեջ, զանգակատանը, ունեցանք հինգ հրաշալի զանգեր, որոնցով մարդկանց աղոթքի էի կանչում, շաբաթ օրը պատարագում էի Կարբիում, կիրակի՝ Հովհաննավանքում: Զանգերի ձայնը լսվում է նույնիսկ հարևան գյուղերում:
6. Կաղնու փայտից փորագրված հինգ դուռ դրվեց բոլոր մուտքերին, ընդ որում դրսի երկու դռները ամեն տարի մշակվում էին մեղրամոմով:
7. Գյուղացիներից մեկի բարերարությամբ դռներ դրվեցին բոլոր ավանդատներում:
8. Մոմավաճառության սեղան, կահույք ավանդատանը:
9. Երուսաղեմից կանթեղներ բերեցինք ևզարդարեցինք չորրորդ դարի եկեղեցին:
10. Խաչելության մեծադիր պատկերը ավանդատանը և բոլոր սրբապատկերները:
11. Մոմավառության մեծ դարբնագործ աշտանակներ:
12. Դարբնագործ ջահեր երկու եկեղեցիներում և որմնաջահեր:
13. Երկու եկեղեցիների ատյանների ճաղավանդակը:
14. 13-րդ դարի մեծ եկեղեցում տեղադրվեց սուրբ Սեղան:
15. Երկու եկեղեցիների սուրբ Սեղանների համար մոմակալներ, Ավետարան, Սկիհ, մաղզմա, ծածկոցներ:
16. Մեծ եկեղեցու գաղտնամուտքով հոսանք քաշեցինք ու տեղադրեցինք քարանձավի մետաղյա դուռը, որովհետև կեղտոտում էին և վնասում ներսի կառուցվածքը:
17. Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքով 4-րդ դարի եկեղեցում դրվեց մարմարյա, ճերմակ, գեղեցիկ տապանաքարը:
18. Երաժշտական գործիք Պատարագների համար:
19. Ջրագիծ անցկացրեցինք վանքի տարածք:
20. Վերանորոգվեց դրսի կոթող խաչը Սուրբ Գրիգոր Լուսավորչի հասակով՝ ըստ Զաքարիա սարկավագի:
21. Գյուղացիներից մեկի օժանդակությամբ ձեռք են բերվել նստարաններ, ջեռուցիչներ ձմռանը տաքություն ապահովելու համար:
22. Ճանապարհներին տեղադրեցինք ցուցանակ եկեղեցու տեղը գտնելու համար:
23. Նաև տպագրեցինք վանքի պատմությամբ գրքույկ:
24. Վերջին գործը տարածքի պարտադիր պեղումներն էին, որից հետո միայն կարելի էր կանաչապատել բակի տարածքը:
Այս ամենը հինգ տարիների ընթացքում, միայն վանքի վերազարթոնքի համար, չհաշված հովվական ծառայությունս նա՛և Կարբիում, նա՛և Ուշիում, դպրոցներում ու ժողովուրդի մեջ: Ամենամեծ երախտիքս բոլոր բարերարներին ու պարզ հավատացյալներին, որովհետև եկեղեցին կենդանի է այս մարդկանցով: «Առանձ Ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհ.15.5) – ասում է Տերը, Աստծո փառքի և եկեղեցու պայծառության համար:
Հիշում եմ նաև, երբ առաջին անգամ հանդիպեցի տեր Արամին, ով եկել էր ինձ փոխարինելու, և արդեն տաս տարիներ ծառայում է այնտեղ, հարցրեց՝ տեր հայր, ո՞րն է գաղտնիքը, պատասխանեցի՝ կաղոթե՛ս, ամեն ինչ կստացվի: Փնտրեցե՛ք երկնքի արքայությունը և Նրա արդարությունը, և ձեզ ամեն ինչ ավելիով կտրվի՛:
Հուշերս ուզում եմ ավարտել Մխիթար Գոշի առակներից մեկով:
ՄՈՒԿԸ ԵՎ ՈԻՂՏԸ
Մի մուկ հպարտացավ։ Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին.
– Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ։
Եվ ուղտն ասաց.
– Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես։
Մուկն ասաց.
– Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի։
Ուղտն ասաց.
– Քո արյունը քո գլուխը։
Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը։ Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին։ Եվ մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր։
Այդ տեսնելով ուղտն ասաց.
– Ահա եղբա՛յր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից...
Տեր Եփրեմ քահանա Զարգարյան